Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք

22:27 17-06-2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ֆերմերներ և այլ հյուրեր:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` փոխնախարար Արտակ Քամալյանը կարևորել է նման անասնաշենքերի կառուցումը և հույս հայտնել, որ այս անասնաշենքն իր նորարարական լուծումներով օրինակ կծառայի մյուս ֆերմերների համար:

Ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանն իր հերթին նշել է, որ անասնաշենքի ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային ստանդարտների պահանջներին: Նա նաև հավելել է, որ կենդանիների համար ստեղծված պայմանները բարենպաստ են կաթնատվության և մսատվության բարձրացման, իսկ ներդրված տեխնոլոգիաները` ֆինանսական միջոցների տնտեսման համար:

Անասնաշենքը կառուցվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում, փուլ 2-րդ» ծրագրի շրջանակներում: Այն կառուցված է ջերմոցային կոնստրուկցիաների հիմքի վրա, ինչը հանդիսանում է ինովացիոն մեթոդ Հայաստանում: Նորարարություն է նաև այստեղ ներդրված հովացման, օդափոխության, լուսավորության և կենդանիների տեսահսկման հեռակառավարման համակարգը, ինչը թույլ է տալիս ապահովել կառույցի վերահսկում մեծ հեռավորության վրա:


Մանրամասները՝ https://b24.am/finance/77205.html