Ընդամենը երեք շաբաթվա ընթացքում ՏՏ հսկաները աշխատանքից ազատել են գրեթե 50,000 աշխատակցի

21:22 26-01-2023

Spotify երաժշտական ծառայությունը հայտարարել է մոտ 600 աշխատակիցների կրճատման մասին՝ ընկերության աշխատակազմի մոտ 6 տոկոսը։ Նախկինում Google-ը հայտարարել էր 12 հազար մարդու աշխատանքից հեռացնելու մասին: Նմանատիպ քայլերի են դիմել Microsoft-ը, Amazon-ը և այլ ՏՏ հսկաներ։ Վերջիններիս ղեկավարներն իրավիճակը բացատրում են արտաքին տնտեսական պատճառներով: Google-ի և նրա մայր ընկերության Alphabet-ի ղեկավար Սունդար Պիչայը գրել է. «Վերջին երկու տարիներին մենք արագ աճի շրջան ենք ապրել։ Համապատասխանելու և դրան նպաստելու համար մենք նոր աշխատակիցներ ընդունեցինք: Բայց այսօրվա տնտեսական իրականությունն այլ է»: 2023 թվականի ընդամենը երեք շաբաթվա ընթացքում ՏՏ կորպորացիաները և այլ ընկերություններ, որոնց բիզնեսը հիմնականում կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, աշխատանքից ազատել են գրեթե 50,000 մարդու: Amazon-ը հատկապես աչքի է ընկնում՝ կրճատելով 18 հազար աշխատակիցների: Ճիշտ է, դա մոտավորապես 1,5 միլիոն աշխատող ունեցող ընկերության մոտ 1 տոկոսն է։ Google-ին իր 12000 կրճատումներով հաջորդում է Microsoft-ը՝ 10000։ Հաջորդիվ Salesforce, Goldman Sachs, Wayfair, Spotify և այլ ընկերություններ են: Անցյալ տարի Իլոն Մասկը Twitter-ից հեռացրել է աշխատակիցների կեսին: Իսկ Facebook-ը 2022 թվականին կրճատել է աշխատատեղերի 13%-ը։


Աղբյուրը՝ https://www.aravot.am/2023/01/26/1319494/