Բիլ Գեյթս. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մեկ ու կես տարուց

21:27 12-04-2020

Ամերիկացի միլիարդատեր ու բարերար Բիլ Գեյթսը «Բի-Բի-Սի»-ի հետ զրույցում հայտարարել է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել մեկ ու կես տարուց, բայց դեղամիջոցի զանգվածային արտադրության համար, միգուցե կարիք լինի մեղմացնել անվտանգության ստուգման ընթացակարգերը:

«Անհրաժեշտ են փոխզիջումներ։ Մենք պետք է ունենանք անվտանգության հետ կապված ավելի քիչ ստուգումներ սովորական իրավիճակի համեմատությամբ։ Բացի այդ, կառավարությունները պետք է որոշեն ընկերություններին ազատել պատասխանատվությունից և ասել՝ ի գործ այն իրավիճակում, երբ մենք ուղղակի ժամանակ չունենք, որպեսզի ամեն բան անենք սովորական կանոններով»,-ասել է Գեյթսը։

Մարտի կեսերին գործակալությունը տեղեկացրել էր, որ գիտնականները Covid-19-ի դեմ պատվաստանյութի մի քանի տարբերակ են մշակել, հիմա դրանք փորձարկում են կենդանիների վրա։ Եթե դրանք հաջողություն ունենան, ապա հաջորդ փուլում կփորձարկվեն մարդկանց վրա, ինչը կարող է տեղի ունենալ այս տարի։

Գիտնականների ջանքերին խանգարում է այն փաստը, որ աշխարհում հնարավոր է լինի կորոնավիրուսի մի քանի տեսակ։ Միաժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի բրիտանացի գիտնականների խմբի ներկայացուցիչ, բրիտանացի Ջերեմի Ֆարրարը հայտնել է, որ պատվաստանյութի մշակումը կարող է բարդացնել նաև այն հանգամանքը, որ Covid-19-ով արդեն հիվանդացած որոշ մարդկանց անալիզները կարող են վիրուսի առկայությունը ցույց տալ նաև երկրորդ անգամ։

Նրա խոսքով, նման բան տեղի է ունեցել Հարավային Կորեայում 100 պացիենտի մոտ, գիտնականները հիմա չեն հասկանում, արդյո՞ք վիրուսը շարունակում է ակտիվ մնալ արյան մեջ, թե այդ մարդիկ նորից են հիվանադացել։

Աղբյուրը՝ https://www.panorama.am/am/news/2020/04/12/%D4%B2%D5%AB%D5%AC-%D4%B3%D5%A5%D5%B5%D5%A9%D5%BD/2272824