Աֆրիկյան երկրների իշխանություններն օգտվել են Huawei-ի օգնությունից՝ իրենց քաղաքական հակառակորդներին հետևելու համար

18:38 18-08-2019

Աֆրիկյան երկրների իշխանություններն օգտվել են չինական հեռահաղորդակցության ոլորտի հսկա Huawei-ի օգնությունից՝ իրենց քաղաքական հակառակորդներին հետևելու և նրանց հաղորդագրությունները կարդալու համար: Այս մասին հոդված է հրապարակել The Wall Street Journalպարբերականը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հայտնի է առնվազն երկու դեպք՝ Ուգանդայում և Զամբիայում։ Huawei-ի աշխատակիցներն օգնել են օգտագործել իսրայելական արտադրության լրտեսական սարքավորումները՝ երաժիշտ և ակտիվիստ Բոբի Ուայնի կոդավորված հաղորդագրությունները կարդալու համար: Աղբյուրի հաղորդմամբ՝ ընկերությանը դիմել են այն բանից հետո, երբ ոստիկանությունում աշխատող հաքերների թիմը չի կարողացել լուծել խնդիրը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, լրագրողները չեն կարողացել ապացույցներ գտնել առ այն, որ Չինաստանում Huawei ընկերության ղեկավարությունը որևէ կերպ հավանություն է տվել նրանց գործունեությանը: Հետաքննությունը չի կարողացել նաև պարզել, որ Huawei-ի աշխատակիցները գործել են Պեկինի շահերից ելնելով:

Այնուհանդերձ, պարբերականը նշում է, որ հայտնաբերված փաստերը կարող են լրացուցիչ մեղադրանք դառնալ Huawei ընկերության հասցեին, որին ԱՄՆ-ն կասկածում է Չինաստանի կառավարության օգտին լրտեսության համար:

Չինական ընկերության ներկայացուցիչն ավելի ուշ արձագանքել է իրենց հասցեին հնչած մեղադրանքներին: Նրա խոսքով՝ Huawei-ի ներքին հետաքննությունը պարզել է, որ ո՛չ ընկերությունը, ո՛չ նրա աշխատակիցները ներգրավված չեն եղել տեղացի ակտիվիստների հետապնդման մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը Huawei-ին «սև ցուցակում» էր ներառել այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել «տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների պատճառով»:


Աղբյուրը՝ https://iravunk.com/news/91280