Այ քեզ բան. աղջիկները «կթիթիզանան», ռոբոտը չի «ծեփվի» պատերին, իսկ արևամեքենան կմտնի շուկա

21:47 01-07-2019

Հանրահայտ նորաձևության տունը կօգնի բոլոր այն աղջիկներին, որոնք ուզում են թանկ կոշիկներով լուսանկար ունենալ սոցցանցում: Facebook-ի սիմուլյատորի միջոցով ռոբոտները «կսովորեն» տարբերել իրերը, իսկ նոր արևամեքենան կփորձի մրցակցել հանրահայտ Tesla-ի հետ:

Այս շաբաթ պարզվեց, որ Lightyear ընկերությունը լուրջ մարտահրավեր է նետում Tesla-ին, սմարթֆոն արտադրող ընկերությունները մեզ նենգաբար խաբում են, իսկ Gucci–ն առաջարկում է լուսանկարվել վիրտուալ կոշիկով: Հիմա ամեն ինչի մասին` հերթով։

Թանկ կոշիկներով հնարավոր է նկարվել առանց տանից դուրս գալու

Gucci նորաձևության տունը թողարկել է իր սեփական հավելվածը iOS հարթակի համար, որը թույլ է տալիս գնորդներին լրացուցիչ իրականության մեջ փորձարկել Ace հավաքածուի սպորտային կոշիկները:

Gucci–ի հավելվածի հնարավորությունները

AR-ի մեջ հնարավոր է ընտրել և փորձել Ace հավաքածուի բոլո՛ր կոշիկները` ամենասովորականից մինչև մարգարիտով զարդարված: Ասեմ ավելին՝ Gucci-ին վստահեցնում է` այս գործիքով հնարավոր է գտնել և փորձել նույնիսկ այն մոդելը, որը դեռ չի թողարկվել: Հավանած մարզակոշիկը հնարավոր է գնել հենց հավելվածի միջոցով, իսկ եթե դեռևս հնարավորություն չունեք ձեռք բերել նորույթը, ապա կարող եք վիրտուալ կոշիկով լուսանկարվել և տեղադրել սոցցանցերում: Դրանից հետո ձեր ընկերները թող նախանձեն ու փորձեն գուշակել, թե որտեղից ձեզ այդքան փող, որ կարողանում եք նման շքեղություն թույլ տալ:

Gucci–ի հավելվածի հնարավորությունները

Այս նորամուծությունը կարող է հեղափոխական դառնալ շուկայական հարաբերություններում: Նախ՝ կոշիկ փորձելու համար վերանում է խանութ- սրահ այցելելու անհրաժեշտությունը, երկրորդն էլ՝ մաքսիմալ կրճատվում է հաճախորդ-վաճառող հարաբերությունները, ինչը թույլ է տալիս խուսափել վատ սպասարկումից ու նյարդայնանալուց: Ասածս ի՞նչ է, հուսանք, որ մյուս նորաձևության տները և, ինչու ոչ, պակաս հայտնի ապրանքանիշները կհետևեն Gucci-ի օրինակին ու նման բան կներկայացնեն մեզ մոտ ապագայում՝ խնայելով մեր նյարդերն ու իրենց փողերը:

Հավելվածը կարող եք ներբեռնել՝ այցելելով այս հղմամբ:

LG-ն իր նոր մոդելը գովազդել է այն լուսանկարով, որը երևացել էր մեկ այլ սմարթֆոնի գովազդային արշավի ժամանակ

Մեզ իրենց մատների վրա պտտեցնելը շատ լավ է ստացվում սմարթֆոն արտադրող ընկերությունների մոտ: Բոլորդ էլ երևի նկատել եք, որ ընկերություններն իրենց արտադրանքը գովազդելիս օգտագործում են չափից դուրս որակյալ լուսանկարներ՝ հայտարարելով՝ իբր դրանք արված են այս կամ այն սմարթֆոնով:

Հիմա անցնենք բուն նյութին: LG-ն պատրաստվում է մոտ ապագայում թողարկել իր նոր W մոդելի սմարթֆոնը: Գովազդային արշավի ընթացքում դիմային տեսախցիկին հատկացված բաժնում ընկերությունն օգտագործել է երեք լուսանկար, որոնցից մեկը ժամանակին երևացել է Nokia 8.1 սմարթֆոնի գովազդում: Խաբեությունը նկատել է Twitter-ի օգտատերերից մեկը:

​Սա ապացուցում է այն կասկածը, որ լուսանկարների մեծ մասը սմարթֆոնով չեն նկարում. ընկերությունները դիմում են պրոֆեսիոնալ լուսանկարիչների օգնությանը, նրանք էլ որակյալ լուսանկարներ են անում: Ասեմ, որ երկու ընկերություններն էլ առայժմ չեն մեկնաբանել այս բացահայտումը։

Facebook-ի նոր սիմուլյատորը կսովորեցնի ռոբոտին կողմնորոշվել տեղանքում

Կարծում եմ՝ բոլորս էլ երազել ենք կամ երազում ենք ռոբոտ-սպասավորի մասին, որը կշտապի մեր առաջ բացել դուռը, կօգնի ընթրիք պատրաստել, թայվանական մերսումներ կանի կամ էլ ուղղակի կլվա գուլպաները: Գրեթե վստահ եմ, որ շատ մոտ ապագայում այս ամենը հնարավոր կլինի, բայց նախ նման ռոբոտին պետք է սովորեցնել տնային պայմաններում տեղաշարժվել, չէ՞ որ մեր իսկ տարածքում երբեմն կորցնում ենք կողմնորոշումը և խփվում դռներին ու կահույքին: Եթե անկեղծ լինեմ, այս հարցում մայրս, անկասկած, կարող է «աշխարհի չեմպիոն» համարվել: Դե, պատկերացրեք նույն իրավիճակում հայտնված ռոբոտներին, որոնք զուրկ են ինքնապահպանման բնազդից: Հենց սրա համար էլ Facebook-ը անհավանական իրական սիմուլյատոր է ստեղծել, որի նպատակն է արհեստական բանականությանը սովորեցնել շարժվել շինության տարածքում:

Այ քեզ բան. Facebook-ը մարդուն շփոթում է ուտելիքի հետ, իսկ Photoshop-ի թշնամին էլ տնից է

Սիմուլյատորը ստացել է Replica անվանումը և պարունակում է գրասենյակների ու բնակարանների 18 ռեալիստական օրինակ: Ընկերությունը սիմուլյատորը տեղադրել է GitHub կայքում:

Սիմուլացված բնակարանների շնորհիվ արհեստական բանականությունը պետք է սովորի շարժվել մեր իրականության մեջ և կատարել առաջադրանքներ: Դրանք կարող են պարզունակ թվալ, օրինակ՝ ստուգիր նոթբուքը սեղանի վրա՞ է, թե՞ ոչ: Այս առաջադրանքը կատարելու համար Replica-ն պետք է կարողանա տարբերել աթոռը նոթբուքից, դրանք տարբերակի որպես առանձին առարկաներ:

Դե ինչ, սպասենք, տեսնենք՝ երբ ռոբոտներն իրենց խելացի արհեստական բանականության օգնությամբ մեր կյանքն ավելի կհեշտացնեն:

Արևամեքենան շուկայում կհայտնվի մոտ ապագայում

Դժվար է գտնել այնպիսի մարդու, որ հետևում է Tesla ընկերության նորություններին և հիացած չէ ընկերության առաջընթացով: Այս պահին Tesla-ն էլեկտրական մեքենաների շուկայի առաջատարն է, սակայն Իլոն Մասկին մարտահրավերներ նետողների քանակն օրեցօր ավելանում է: Հոլանդական Lightyear ընկերությունը ներկայացրել է 5 տեղանոց էլեկտրամեքենայի՝ Lightyear One-ի նախատիպը, որի տանիքին և շարժիչի ծածկին տեղադրված են արևային վահանակներ։ Դրանք մեքենան կլիցքավորեն անմիջապես ընթացքի ժամանակ:

Այս մասին տեղեկացել եմ ավտոմեքենայի պաշտոնական կայքից:

Բայց սա միակ նորությունը չէ։ Արևասեր մեքենայի կարևորագույն առանձնահատկությունը կուտակած էներգիայի պաշարի աննախադեպ ծավալն է: Այս ցուցանիշով հոլանդացի ինժեներները գերազանցել են բոլոր մրցակիցներին:

Այս գեղեցկուհու համար ընկերությունն արդեն նախապատվերներ է ընդունում: Առաջին 500 օրինակից մեկի երջանիկ սեփականատերը դառնալու համար հավանական գնորդը պետք է վճարի 119 000 եվրո, իսկ այդ 500 ավտոմեքենան սպառելուց հետո ավտոմեքենայի արժեքը ընկերությունը սահմանել է ավելի բարձր՝ 149 000 եվրո: Այս ցուցանիշով ամերիկյան առաջատարը շատ հեռու չէ իր եվրոպացի մրցակցից. Tesla-ն իր Long Range S մոդելը վաճառում է 125 հազար եվրոյով: Առաջին հայացքից վախեցնող թվեր են, բայց, երբ գիտակցում ես, որ այդ ոչ փոքր գումարով դու ձեռքս ես բերում «արևամեքենա» և մեկ քայլով ևս մոտենում ապագային, թվերը կորցնում են իրենց նշանակությունը:

Ապագայի մեքենան մասսայական արտադրության կհանվի 2021 թվականին


Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/society/20190629/19400984/ay-qez-ban-axjiknery-ktitizananroboty-chi-tsepvi-paterin-isk-arevameqenan-kmtni-shuka.html