ԱՄՆ-ը եւ Չինաստանն այս շաբաթ պետք է վերսկսեն առեւտրային բանակցությունները

14:05 10-07-2019

ԱՄՆ-ը եւ Չինաստանն այս շաբաթ պետք է վերսկսեն առեւտրային բանակցությունները երկամսյա ընդմիջումից հետո, սակայն առեւտրային պատերազմն սկսվելուց մեկ տարի հետո մերձեցման նշաններ գրեթե չկան, տեղեկացնում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հետաձգել 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ներկրման վրա նոր տուրքերի սահմանումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Ճապոնիայում հունիսի վերջին հանդիպումից հետո, մինչեւ որ կողմերը կբանակցեն։

Թրամփն այն ժամանակ ասել էր, որ Չինաստանը կվերսկսի ամերիկյան գյուղտնտարտադրանքի խոշոր գնումները, իսկ ԱՄՆ-ը կթուլացնի արտահանման որոշ սահմանափակումները չինական Huawei Technologies հսկայի հանդեպ։

Բայց բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները եւ վերլուծաբանները Վաշինգտոնում, որոնք մասնագիտանում են Չինաստանի ուղղությամբ, կարծում են, որ Թրամփի եւ Սիի հանդիպումը ճանապարհ չի հարթել հակասությունների հաղթահարման համար։

Անցած շաբաթ ամերիկացի պաշտոնյան ասել էր, որ բանակցությունները կվերսկսվեն ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի, Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի միջեւ հեռախոսազրույցից հետո։

ԱՄՆ Առեւտրային ներկայացուցչության աշխատակիցն ասել է, որ խոսակցությունն սպասվում է այս շաբաթ, բայց այլ մանրամասներ չի նշել։

Ոչ մի նշան չկա, որ կողմերը կվերսկսեն բանակցությունները՝ օգտագործելով տեքստը, որն ընդհանուր առմամբ համաձայնեցվել էր՝ մինչեւ Չինաստանը մայիսի սկզբին կհրաժարվեր մի շարք պարտավորություններից, ինչից հետո Թրամփը 25 տոկոսով բարձրացրեց տուրքերը չինական 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար։

ԱՄՆ-ը Չինաստանից պահանջում է փոխել քաղաքականությունն ամերիկյան մտավոր սեփականության ավելի արդյունավետ պաշտպանության, առեւտրային գաղտնիքի բռնի փոխանցման եւ հափշտակման դադարեցման, ինչպես նաեւ արդյունաբերական ընկերությունների մասշտաբային պետական սուբսիդիաների սահմանափակման համար։


Աղբյուրը՝ https://news.am/arm/news/522977.html