ԱԻ, սմարթ-քաղաքներ. Երեւանում WCIT 2019 համաշխարհային կոնգրեսում կքննարկվեն ՏՏ ոլորտի ամենահրատապ խնդիրները

20:41 20-07-2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային կոնգրեսը Երեւանում կհավաքի ավելի քան 3000 մասնագետի 70 երկրներից, որոնք կքննարկեն այսօրվա ամենահրատապ խնդիրները ՏՏ ոլորտում՝ արհեստական ինտելեկտից ու «կանաչ» գոտիներից մինչեւ պաշտպանություն եւ օդային ուժեր։

Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE, ԻՏՄՁ) նախագահ Ալեքսանդր Եսայանը հայ եւ եվրոպացի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ որոշ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսին են Microsoft-ը, LinkedIn-ը, Coinbase-ը, Infosys-ը, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը կոնգրեսին, ընդ որում՝ տնօրենների եւ նրանց տեղակալների, տեխնիկական եւ տեղեկատվական տնօրենների մակարդակով։

Համաժողովի մասնակիցներին սպասվում են բազմաթիվ հետաքրքիր ելույթներ եւ քննարկումներ ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների, տարբեր արդյունաբերությունների (այդ թվում՝ պաշտպանական) զարգացման գործում դրանց դերի մասին։ Չեն անտեսվի նաեւ այնպիսի թեմաներ, ինչպիսին են ինտիմ տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերը եւ դրանց դերն արդի աշխարհում, «Սեւ կարապի» տեսությունը, բլոքչեյն տեխնոլոգիաները եւ այլն։

Ինչպես նշել է Ալեքսանդր Եսայանը, համաժողովի օտարերկրյա մասնակիցներից շատերը Հայաստան են գալու առաջին անգամ, ոմանք երբեւէ չեն էլ լսել այս երկրի մասին։ Հայաստանը նրանց ցուցադրելու բան ունի, եւ նրանք հաճելիորեն կզարմանան՝ տեսնելով ՏՏ զարգացման մակարդակը Հայաստանում եւ տեղի մոտեցումներն այդ ոլորտի կրթության հարցերին։

«Մենք ցուցադրելու բան ունենք՝ մեր ՏՏ ընկերությունները, մեր մոտեցումները... Մեր բնակչությունը մեծաթիվ չէ, ուստի մենք չենք կարող ներկայանալ որպես երկիր, որը կարող է մեծ ընկերություններին անսահմանափակ ռեսուրսներ տրամադրել մշակումների համար։ Բայց փոխարենը մենք կարող ենք ներկայանալ որպես երկիր, որը կարող է առաջարկել որակ, տեխնոլոգիաներ, որոնք ստեղծվում են այստեղ, մեր սեփական արտադրանքը»,- նշել է Եսայանը։

Համաժողովը, մասնագետի կարծիքով, կօգնի գործնական կապեր հաստատել հայկական եւ միջազգային ընկերությունների միջեւ։

Համաժողովի ընթացքում ամեն օր տեղի կունենան այսպես կոչված “lightning sessions”-ներ, որոնց ընթացքում ստարտապերը հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց գաղափարները՝ ֆինանսավորում եւ աջակցություն ստանալու հույսով։ Այդ նստաշրջաններին ներկա կլինեն նաեւ հայտնի աքսելերատորներ եւ ներդրողներ տարբեր երկրներից։

Ալեքսանդր Եսայանը հետաքրքիր ստարտապ-գաղափարներ ունեցող բոլոր մարդկանց կոչ է անում արդեն այսօր հայտ ներկայացնել օնլայն մասնակցության համար. հատուկ ժյուրին կընտրի ամենահետաքրքիր ստարտապերը, որոնք կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը (կամ անգամ իրենց գաղափարը) համաժողովում։

Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաեւ կլոր սեղան՝ աշխարհի տարբեր երկրների նախարարների մասնակցությամբ, որոնք կքննարկեն հարցեր այն մասին, թե ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել՝ ժամանակին, զարգացող տեխնոլոգիաներին համընթաց քայլելու համար։

Նախատեսված է նաեւ շատ հետաքրքիր կլոր սեղան քաղաքապետերի համար։ Այստեղ, ինչպես նշեց Ալեքսանդր Եսայանը, կգան Ասիայի, Եվրոպայի, ԱՄՆ խոշոր քաղաքների քաղաքապետերը, որոնք հնարավորություն կունենան փոխանակել գիտելիքներ եւ փորձ սմարթ-քաղաքներ ղեկավարման մասին։

«Որոշ շատ առաջավոր քաղաքների քաղաքապետեր արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։ Մենք նրանցից սովորելու բան ունենք, մեզ հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպես են նրանք փոխել իրենց քաղաքների ամենօրյա կյանքը (շնորհիվ արդի տեխնոլոգիաների ներդրման)»,- նշել է Եսայանը։

Քաղաքապետերի համար քննարկման եւս մեկ կարեւոր թեմա է գաղտնիության հարցը. տեսահսկման խցիկները, հետեւելու այլ համակարգերը, իհարկե, ապահովում են անվտանգությունը, բայց որքանով է լուրջ դրանց ազդեցությունը քաղաքացիների գաղտնիության պահպանման համար։ Ի՞նչ խնդիրների կարելի է բախվել նման տեխնոլոգիաների կիրառման պարագայում։ Ի՞նչ պլյուսներ եւ մինուսներ կան, ինչի՞ց պետք է զգուշանալ։

Համաժողովի շրջանակում նախատեսված է նաեւ աննախադեպ միջոցառում, որը կմիավորի տեղեկատվական տեխնոլոգիաները եւ արվեստը. աշխարհի 15 երկրներից, այդ թվում Հայաստանից 75 երաժշտից բաղկացած նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կկատարի ստեղծագործություններ, որոնց հեղինակն արհեստական ինտելեկտն է՝ աշպարհի տարբեր երկրների դասական ստեղծագործությունների օրինակով։

Այս զարմանալի համերգի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային կոնգրեսը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 6-9-ին։ Դա համաշխարհային մասշտաբի միջոցառում է, որը կազմակերպվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից՝ Հայաստանի կառավարության աջակցությամբ։ Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Առաջավոր տեխնոլոգիաների ընկերությունների միությունը։

Համաժողովին կմասնակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, պաշտոնական անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Հիմնական զեկուցողներից մեկը կլինի «Microsoft» ընկերության կորպորատիվ հարցերի փոխնախագահ Վահե Թորոսյանը։

Կոնգրեսի մոդերատորն է Հոնկոնգում PwC քոնսալթինգային ընկերության ֆինանսական տեխնոլոգիաների եւ կրիպտոտեխնոլոգիաների մասնագետ Հենրի Արսլանյանը։


Աղբյուրը՝ https://operativ.am/?p=329746&l=am