«Ամեն ինչի խանութը. Ջեֆ Բեյզոսն ու Amazon-ի դարաշրջանը» բեսթսելերը՝ հայերեն

20:26 06-05-2020

Հաջողության բացառիկ պատմություն. Բրեդ Սթոունի «Ամեն ինչի խանութը. Ջեֆ Բեյզոսն ու Amazon-ի դարաշրջանը» բեսթսելերը հայերեն թարգմանությամբ ընթերցողի սեղանին է: Financial Times-ի և Goldman Sachs-ի 2013 թվականի «Տարվա լավագույն գործարար գիրք» մրցանակի դափնեկիր այս գիրքը լույս է տեսել մայիսի 5-ին:

Գիրքը հայերեն թարգմանել և հրատարակել «Էդիթ Պրինտ»-ը, թարգմանիչն է Արթուր Վարդիկյանը: Հանրությանը գիրքը ներկայացվեց օնլայն շնորհանդեսի միջոցով: Այս մասին հայտնում են «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից։ 

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը շնորհանդեսի ընթացքում նշել է, որ Բրեդ Սթոունի այս ստեղծագործությունը լավագույն գիրք է ճանաչվել Washington Post-ի, Forbes-ի, The New Republic-ի, The Economist-ի, Bloomberg-ի և Gizmodo-ի կողմից՝ ընդգրկվելով Nieman Reports-ի 2013 թվականի հետախուզական լրագրողական գրքերի լավագույն տասնյակում: Նա նաև առանձնացրել է Ամազոնի 4 հիմնարար սկզբունքները, որոնք մշակել է Բեյզոսը: Դրանք են՝ հաճախորդակենտրոնությունը, գյուտարարության և նորարարության մղումը, հեռահար (երկարաժամկետ) մտածելակերպը, ձախողումը՝ որպես հաջողության տանող ճանապարհը:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը փաստել է, որ բազում հետաքրքիր բացահայտումներ է արել՝ կարդալով գիրքը:

«Գիրքը շատ լավ է թարգմանված, խմբագրված և մեր ընթերցողին, վստահաբար, կհետաքրքրի: Բեյզոսի հիմնական նպատակն է աշխատել հաճախորդի համար, ոչ թե հակառակորդներին դեմ, և սա շատ կարևոր է: Հուսով եմ՝ այն շատերի համար սեղանի գիրք կդառնա, և այս գրքի միջոցով մարդիկ կարողանան հաջողել աշխատանքում և բիզնեսում»,-նշել է նա:

Գրքի թարգմանիչ Արթուր Վարդիկյանի խոսքով, «Ամեն ինչի խանութ»-ը կույր երկրպագուի գրած գիրք չէ. սա իսկապես չափազանց մանրակրկիտ լրագրողական հետազոտություն է, որի հեղինակ Բրեդ Սթոունը արվում հնարավորինս անաչառ մնալ՝ ներկայացնելով Amazon-ի ու անձամբ Ջեֆ Բեյզոսի գործունեության թե՛ հեղափոխական, թե՛ հակասական կողմերը: Սթոունը՝ պրոֆեսիոնալ լրագրողի պես, զերծ է մնում անձնական գնահատականներից. պարզապես փաստերն է հավաքագրում, բախում է իրադարձությունների մասնակիցների տարբեր կարծիքներն ու հուշերը՝ ի վերջո բոլոր հետևությունները թողնելով ընթերցողին:

«Սթոունի շարադրանքը շատ ցայտուն ցուցադրում է, որ Amazon-ի կայացումը մեկ մարդու՝ Ջեֆ Բեյզոսի հեռատեսական, երբեմն շատ դաժան, երբեմն շատ անարդար, բայց փաստացի ավելի, քան արդյունավետ կառավարման արդյունքն է: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ այս գիրքը նաև «ամեն ինչի խանութի» հոր կենսագրությունն է, քանզի Amazon-ն իր կառուցվածքով, աշխատելաոճով ու գլոբալ փոփոխություններ բերելու անսահման հավակնություններով իր ստեղծողի ճշգրիտ հայելային արտացոլանքն է միայն:

Շատ հանգամանորեն ներկայացվում են Բեյզոսի ընտանիքի՝ Կաստրոյի Կուբայից արտագաղթած խորթ հոր ու 16 տարեկանում հղիացած մոր պատմությունը, Բեյզոսի մանկությունն ու պատանեկությունը և իհարկե նրա «արտա-Amazon-ային» նախագիծը՝ տիեզերական հրթիռներ կառուցող ու այլ մոլորակներ բնակեցնելու լուրջ ծրագրեր ունեցող Blue Origin-ը»,-ընդգծել է գրքի թարգմանիչը:

Գիրքը ներկայացնում է Amazon.com-ի՝ աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկի և դրա հիմնադիր՝ նպատակասլաց և ապշեցուցիչ Ջեֆ Բեյզոսի ամփոփիչ պատմությունը:

«Ամեն ինչի խանութը» կլինի բացահայտող, ամփոփիչ կենսագրականը մի ընկերության, որը համացանցում կատարեց առաջին և ամենամեծ խաղադրույքներից մեկը՝ մեզ համար ընդմիշտ փոխելով գնումներ կատարելու և կարդալու միջոցը:


Աղբյուր` https://www.panorama.am/am/news/2020/05/05/%D5%8B%D5%A5%D6%86-%D4%B2%D5%A5%D5%B5%D5%A6%D5%B8%D5%BD-%D5%A3%D5%AB%D6%80%D6%84-%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD/2285744