TV box-ի վահանակը վերածել են գաղտնալսող սարքի

18:33 29-05-2021

Իսրայելական Guardicore ընկերության կիբեռանվտանգության հետազատողներ JJ Lehman-ին և Ofri Ziv-ին հաջողվել է TV box-ի (հեռուստացույցի կցուրդ) վահանակը վերածել գաղտնալսող սարքի: Ինչպես հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, այդ մասին նրանք պատմել են RSA Conference 2021-ին:

 

JJ Lehman-ի և Ofri Ziv-ի հետազոտության առարկա է դարձել ԱՄՆ-ում չափազանց տարածված Comcast Xfinity X1 TV box-ի հեռակառավարման վահանակը։ Այն աշխատում է նաև ձայնային հրամաններով, դրա համար այն ունի խոսափող և պրոցեսոր: Բացի այդ, վահանակում գործի են դրված տվյալների փոխանցման երկու տեխնոլոգիաներ՝ ստանդարտ ինֆրակարմիր հաղորդիչ և ռադիոինտերֆեյս՝ տվյալների փոխանցման ավելի բարձր արագության համար: Հետազոտողները կարողացել են ստանալ վահանակի հիմնական ծրագիրը (прошивка), որը պահվում էր TV box-ի կուտակիչում, իսկ դրա ուսումնասիրությունից հետո ձևակերպել, թե ինչ է անհրաժեշտ դրանում փոխել, որպեսզի հնարավոր լինի վահանակին տալ խոսափողը միացնելու և ռադիոյով ձայն փոխանցելու հրաման:

 

JJ Lehman-ը և Ofri Ziv-ը ուսումնասիրել են ռադիոինտերֆեյսի միջոցով TV box-ի և վահանակի հաղորդակցման և վերջինիս ԾԱ թարմացման մեխանիզմը։ Նրանք պարզել են, որ թարմացման գործընթաց կարող է նախաձեռնել միայն վահանակը։ 24 ժամը մեկ այն TV box-ին հարցում է ուղարկում՝ պարզելու, թե արդյոք իր համար թարմացում կա, և ստանում է կամ բացասական պատասխան, կամ էլ հիմնական ծրագրի նոր տարբերակը տեղադրելու առաջարկ։ Նրանք նաև պարզել են, որ վահանակը հիմնական ծրագրի վավերականությունը որևէ կերպ չի ստուգում: Այսինքն, ինչ հիմնական ծրագիր էլ առաջարկի TV box-ը (կամ էլ ցանցահենի՝ այդպիսին ձևացող համակարգիչը), այն առանց որևէ հարցի կներբեռնի և կտեղադրի ծրագիրը։ TV box-ի հիմնական ծրագրի՝ վահանակի հետ հաղորդակցման համար պատասխանատու մոդուլում բավական հեշտ է սխալ առաջացնել, որից հետո այդ մոդուլն անցնում է վերագործարկման։ Դա գրոհողին տալիս է բավարար ժամանակ, որի ընթացքում վահանակին հրաման է տալու երաշխավորված միայն նա։ Այսպիսով, վահանակը կոտրելու համար անհրաժեշտ է սպասել և «գուշակել», թե երբ վահանակը կուղարկի թարմացումը ներբեռնելու հարցում, դրանից անմիջապես հետո անջատել TV box-ի՝ վահանակի հետ հաղորդակցման համար պատասխանատու մոդուլը, վահանակին տալ դրական պատասխան և ներբեռնման համար ուղարկել վերափոխված ֆայլը։

 

Արդյունքում՝ հետազոտողները կարողացել են վահանակ ներբեռնել վերափոխված հիմնական ծրագիրը, որը թարմացում ստանալու հարցում էր ուղարկում ոչ թե 24 ժամը մեկ, այլ րոպեն մեկ անգամ, և հատուկ պատասխան ստանալու դեպքում միացնում էր վահանակի մեջ ներկառուցված խոսափողը և ձայնը հեռարձակում գրոհողներին։ Որպես փորձ՝ նրանք հաջողությամբ փորձարկել են մեթոդի աշխատունակությունը համեմատաբար մեծ հեռավորության վրա և պատից այն կողմ՝ տան կողքին կանգնած գաղտնալսման ֆուրգոն նմանակելով:


Աղբյուրը՝ https://nt.am/am/news/301226/