NASA-ն դրոն կուղարկի դեպի Տիտան կյանքի հետքեր փնտրելու համար

21:37 01-07-2019

NASA-ն հայտարարել է, որ պատրաստում է առաջին առաքելությունը դեպի Տիտան՝ Սատուրնի խոշորագույն արբանյակը, հաղորդում է MIGnews-ը:

Տիտանը եզակի օբյեկտ է մեր Արեւային համակարգում: Միայն Տիտանն ունի խիտ մթնոլորտ՝ ի տարբերություն բոլոր արբանյակների, որոնց թիվն այժմ հասնում է շուրջ 200-ի: Ավելին, Տիտանի վրա կան լճեր, ծովեր եւ տեղում են անձրեւներ՝ ճիշտ է՝ մեթանից եւ էթանից: Սակայն դա, միեւնույն է, դարձնում է Սատուրնի արբանյակը, բացի Երկրից, եզակի Արեւային համակարգում, որտեղ մակերեսին կա հեղուկ: Գիտնականները համարում են, որ Տիտանի վրա հնարավոր են նաեւ մեզ համար սովորական կյանքի պարզագույն ձեւերը: Այդ իսկ պատճառով Տիտանը շատ կարեւոր է գիտնականների համար:

Առաքելությունն անվանել են Dragonfly: Առաքելության շրջանակներում դեպի Տիտան կուղարկեն դրոն, որը կուսումնասիրի արբանյակը: Տիտանի մթնոլորտը չորս անգամ ավելի խիտ է, քան Երկիր մոլորակինը, ինչը թույլ է տալիս օգտագործել թռչող սարքի ամբողջ պոտենցիալը: Մասնավորապես, գիտնականները կկարողանան հետազոտել տարբեր տեղանքները, որոնք գտնվում են միմյանցից բավականին մեծ հեռավորության վրա: Ի դեպ, Dragonfly դրոնը կլինի այդօրինակ առաջին սարքն Արեւային համակարգում ուրիշ մարմիններ ուսումնասիրելու համար:

Առաքելության նպատակը ոչ միայն Տիտանի հետազոտումն է ընդհանուր առմամբ, այլ նաեւ օրգանիկ կյանքի հետքերի փնտրտուքը: Բուն առաքելությունը նախատեսված է 2.7 տարվա համար: Ամբողջ ժամանակահավածում դրոնը պետք է կատարի շուրջ 175 կմ թռիչք՝ չնայած, հաշվի առնելով մարսագնացների փորձը, հնարավոր է, որ սարքը կկարողանա աշխատել նախատեսված տեւողությունից երկար:

Ցավոք, առաքելության առաջին արդյունքներին պետք է սպասել բավականին երկար: Մեկնարկը նախատեսված է 2026 թվականին, իսկ Տիտանին սարքը կհասնի միայն 2034 թվականին:


Աղբյուրը՝ http://www.top-news.am/?p=51975&l=am