Huawei-ը ԱՄՆ իշխանություններին մեղադրել է իր տեղեկատվական համակարգեր ներթափանցելու փորձի մեջ

21:01 12-09-2019

Չինական Huawei ընկերությունը ԱՄՆ իշխանություններին մեղադրել է իր տեղեկատվական համակարգեր ներթափանցելու փորձի մեջ, տեղեկացնում է AP-ը։

Huawei-ը, որ բախվում է ԱՄՆ-ի կողմից աճող ճնշման հետ, ներառյալ ամերիկյան տեխնոլոգիաներին հասանելիության հնարավոր կորուստը՝ կապված այն մեղադրանքների հետ, թե ընկերության տեխնոլոգիաները վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը, հայտարարել է, որ վերջին ամիսներին Վաշինգտոնը «անբարեխիղճ միջոցներ» է կիրառել իրենց բիզնեսը խափանելու համար։

Huawei Technologies Ltd-ը սմարթֆոնների թիվ երկու համաշխարհային բրենդն է եւ հեռախոսային ընկերությունների համար ցանցային սարքավորումների խոշորագույն արտադրողը։

Վաշինգտոնը ջանքեր չի խնայում, որպեսզի եվրոպական կառավարությունները Huawei-ին հեռացնեն հաջորդ սերնդի հեռակոմունիկացիոն ցանցերի ստեղծման գործընթացից։ Գերմանիան, Ֆրանսիան, Իռլանդիան հայտարարել են, որ չեն ծրագրում արգելել որեւէ մատակարարի։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկյան իշխանությունները կիբեռգրոհներ են նախաձեռնել «Huawei-ի տեղեկատվական համակարգեր ներթափանցելու համար»։

Նշվում է նաեւ, որ ՀԴԲ գործակալները ճնշումներ են գործադրել ընկերության աշխատակիցների վրա, որպեսզի նրանք տեղեկատվություն հավաքեն իրենց համար։

Reuters գործակալությունը մեջբերում է կատարում Huawei-ի փաստաթղթից, որում նշվում է, որ այդ գործընթացում ներգրավվել են ութ աշխատակիցներ, միջին եւ բարձր օղակների ղեկավարներ, որոնց թվում՝ ԱՄՆ մի քանի քաղաքացիներ։

Ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները խափանել են Huawei-ի բիզնեսը՝ արգելափակելով մատակարարումները, մերժելով վիզաների տրամադրումը եւ վախեցնելով։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել չինական ընկերությունների հետապնդումները եւ նրանց էլ հավասար իրավունքներ տրամադրել։


Աղբյուրը՝ https://news.am/arm/news/531814.html