Google օգնականը կկարողանա կարդալ WhatsApp-ով ու Telegram-ով ուղարկված նամակները

20:04 08-08-2019

Օգնականը «սովորել» է կարդալ նաև այն հավելվածների նամակները, որոնք չեն պատկանում «Բարության կորպորացիային»։

Google-ի ձայնային օգնականից օգտվողներն այսուհետ կկարողանան դրա միջոցով լսել՝ ինչ են իրենց գրել մարդիկ WhatsApp և Telegram հավելվածների միջոցով, իսկ պատասխանները կկարողանան թելադրել հենց օգնականին։ Այս մասին հայտնում է Android Police-ը։

Նոր գործառույթը փորձարկելու համար պետք է պարզապես օգնականին ասել, որ սկսի կարդալ նամակները և նրան թույլտվություն տալ կարդալ ծանուցումները, որից հետո Assistant-ը ցույց կտա տեքստային վերջին հաղորդագրությունները։ Այնուհետև կարելի է գրել կամ թելադրել պատասխանը։ Ավարտելուց հետո պատասխանն անմիջապես կուղարկվի հասցեատիրոջը, իսկ ծանուցումը կանհետանա։ Գործառույթն առայժմ ոչ բոլորին է հասանելի, բայց առաջիկայում դրանից կկարողանան օգտվել բոլորը։

Հիշեցնենք, որ մինչ այս Google Assistant-ը կարողանում էր կարդալ միայն SMS հաղորդագրությունները, որոնք ուղարկվում էին սմարթֆոնում ի սկզբանե եղած «Նամակներ» կամ Hangouts հավելվածների միջոցով։


Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/world/20190805/19944125/Google-ognakany-kkaroxana-kardal-WhatsApp-ov-u-Telegram-ov-uxarkvats-namaknery.html