Facebook-ի նկատմամբ հակամենաշնորհային հետաքննություն է սկսվել

20:25 12-09-2019

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը հայտարարել է, որ գլխավորելու է հակամենաշնորհային հետաքննության անցկացումը Facebook ընկերության գործունեության նկատմամբ: Այդ մասին ասվում է դատախազության պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հետաքննությունը, որը նպատակ է հետապնդելու բացահայտել Facebook-ի կողմից մրցակցության կանոնները խախտելու դեպքերը ծառայությունների շուկայում ընկերության գերիշխող դերակատարման առնչությամբ, կանցկացվի Կոլորադո, Այովա, Նեբրասկա, Հյուսիսային Կարոլինա, Օհայո նահանգների եւ Կոլումբիա շրջանի գլխավոր դատախազներից կազմված թիմի կողմից:

«Անգամ աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցը պետք է ենթարկվի օրենքին եւ հարգի օգտատերերին,-նշված է Լետիցիա Ջեյմսի հաղորդագրության մեջ:-Ես հպարտությամբ հայտնում եմ, որ ղեկավարում եմ գլխավոր դատախազների թիմը Facebook-ի նկատմամբ հետաքննության շրջանակում, որն ուղղված է մրցակցությունը ճնշելու եւ օգտատերերի համար վտանգ ստեղծելու դեպքերի բացահայտմանը»:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հաղորդել էր, որ մեկ ուրիշ ամերիկյան հսկայի՝ Google-ի նկատմամբ հակամենաշնորհային հետաքննությունն անցկացվելու է Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փեքսթոնի կողմից, որի մասին կհրապարակվի երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին:

Հուլիսին հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են սկսել մասշտաբային հետաքննություն Amazon-ի, Facebook-ի, Google-ի եւ Apple-ի նկատմամբ նրանց կողմից հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու հնարավոր դեպքերը բացահայտելու նպատակով: Reuters գործակալության տեղեկություններով՝ հետազոտության ընթացքում լիազորությունները կկիսվեն ԱՄՆ-ի Դաշնային առեւտրային հանձնաժողովի եւ Արդարադատության նախարարության միջեւ, որոնք կզբաղվեն համապատասխանաբար Amazon-ի, Facebook-ի եւ Apple-ի ու Google-ի ուսումնասիրություններով: Միաժամանակ սեփական հետաքննություն սկսելու մասին հայտարարել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները:

Օգոստոսին The Wall Street Journal-ը տեղեկացրել էր, որ հուլիսին դատախազների խումբը հանդիպել էր Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ եւ քննարել խոշոր կորպորացիաների կողմից հնարավոր խախտումները, որից հետո որոշում էր կայացրել հակամենաշնորհային հետաքննություն անցկացնելու մասին:


Աղբյուրը՝ https://analitik.am/news/view/534343