Facebook-ը տեղյակ է, որ խափանումներ կան

09:46 05-07-2019

Ամբողջ աշխարհում մարդիկ չեն կարողանում նկարներ ու տեսանյութեր վերբեռնել Facebook- ում: Որոշ ժամանակ լռելուց հետո Facebook-ը հայտարարությամբ է հանդես եկել:

Facebook-ը տեղյակ է, որ իր սոցցանցերում խափանումներ կան: Ընկերությունն այդ մասին գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ խնդիրների են բախվում, երբ փորձում են մեր հավելվածների միջոցով նկար, տեսանյութ և այլ ֆայլեր վերբեռնել կամ ուղարկել որևէ մեկին։ Ի հայտ եկած խնդրի համար հայցում ենք ձեր ներողամտությունը և աշխատում ենք հնարավորին չափ արագ լուծել խնդիրը»,- նշված է հայտարարության մեջ:

Ի դեպ, Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ սոցցանցի հայաստանյան տիրույթի օգտատերերը ևս բողոքում են, բայց դեռ պարզ չէ, թե խնդիրներն ինչից են առաջացել։

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների օգտատերերը բողոքում են Facebook-ի, WhatsApp-ի ու Instagram-ի աշխատանքից: Այս երեք սոցցանցերն էլ ընդգրկված են Facebook ընկերության կազմում, որը խափանումների ի հայտ գալուց հետո տևական ժամանակ որևէ մեկնաբանություն չէր տարածում:


Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/world/20190703/19456847/Facebook-texyake-xapanumner-kan.html