Android-ը ստեղծողին մեղադրել են սուտենյորության մեջ

09:43 05-07-2019

Android-ը ստեղծող Էնդի Ռուբինի նախկին կինը՝ Ռի Հիրաբարու Ռուբինը, ամուսնուն մեղադրել է իրենից իր կարողության իրական չափերը եւ սեքս առեւտրով զբաղվելը թաքցնելու մեջ: Հայցի տեքստը հայտնվել է BuzzFeed News-ի տրամադրության տակ, փոխանցում է Lenta-ն:

Ռուբինի նախկին կնոջ պնդմամբ՝ ամուսնու հետ ամուսնական պայմանագիրը կնքվել է զգալի խախտումներով: Այն կազմած ձեռնարկատիրոջ իրավաբանը իր հաճախորդին օգնել է նաեւ նրա նախորդ ամուսնալուծության ժամանակ, որի հետեւանքով շահերի բախում է տեղի ունեցել: Ռուբինը իրավաբանի հետ համաձայնության է եկել եւ նախկին կնոջից թաքցրել իր կարողության մեծ մասը, այդ թվում Microsoft ընկերության կողմից Danger ընկերության ձեռք բերումից ստացած շահույթը, որի հիմնադիրներից մեկը Ռուբինն է եղել:

Դրանից բացի, կինն իր ամուսնուն մեղադրել է, որ ամուսնության տարիներին սեռական հարաբերություններ է հաստատել այլ կանանց հետ եւ նվազագույնը 5 աղջկա վճարել է այլ տղամարդկանց հետ սեքսի դիմաց: Ռուբինի խոսքով՝ իր նախկին ամուսինը դեռեւս մինչեւ Google-ից հեռանալը բանկային հաշիվ է բացել, որից այդ կանանց հարյուր հազարավոր դոլարներ է փոխանցել: Այս նույն հաշիվը նա օգտագործել է կնոջից եկամուտները թաքցնելու համար:

Ռուբինը մտադիր է հասնել ամուսնական պայմանագիրը անվավեր ճանաչելուն եւ պահանջել նախկին ամուսնու կարողության մի մասը, որը գնահատվում է 350 մլն դոլար:

Ռուբինի ներկայացուցիչները պնդել են, որ հայցի մեջ կեղծ պնդումներ կան: «Սա ընտանեկան վեճ է, որին մասնակցում է ամուսնական պայմանագրից դժգոհ կինը: Մենք ցանկանում ենք պատմել պատմության մեր վարկածը»,- ասել են նրանք:

Ռուբինը Google-ից հեռացել է 2014 թվականին, սակայն միայն 4 տարի հետո են հայտնի դարձել նրա հեռացման ենթադրյալ պատճառները: New York Times-ը հայտնել է, որ Ռուբինը ոտնձգություն է կատարել աշխատակցուհիներից մեկի նկատմամբ: Պարբերականի տեղեկություններով՝ Google-ը կարող էր Ռուբինին հեռացնել եւ նրան ոչինչ չվճարել ընկերության քաղաքականության կոպիտ խախտման պատճառով, սակայն կորպորացիան որոշել է նրան մաս-մաս 90 մլն դոլարի հրաժարագին վճարել:


Աղբյուրը՝ https://operativ.am/?p=327320&l=am