16 տարեկան միլիոնատերը, սմարթֆոն «հրեշն» ու գրպանում տեղավորվող սրտագրիչը

19:34 08-08-2019

Ռեկորդային մրցանակային ֆոնդով խաղի կիբեռսպորտային մրցաշարում միլիոնատեր դարձավ 16-ամյա պատանին, նորագույն սմարթֆոնը ջախջախում է մրցակիցներին, իսկ «սրտագրվելու» համար այլևս հարկավոր չէ տնից դուրս գալ։

Այս շաբաթ պարզվեց, որ 16 տարեկանում միլիոնատեր դառնալու համար կարելի է պարզապես խաղալ իմանալ, իսկ Xiaomi-ին որոշեց ապշեցնել իր նորույթներով։

Epic Games համակարգչային ստուդիան անցկացրեց Fortnite խաղի առաջին կիբեռսպորտային մրցաշարը։ Եզրափակիչի բյուջեն կազմում էր 30 միլիոն դոլար, ինչը ռեկորդային է նմանատիպ առաջնության համար։

Սոլո մրցաշարի գլխավոր մրցանակը բաժին հասավ ամերիկացի կիբեռմարզիկ, ընդամենը 16 տարեկան Կայլ Գիրսդորֆին։ Պատանին վաստակեց 3 մլն դոլար, ինչը նույնպես ռեկորդային է նմանատիպ առաջնությունների համար։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում հայտնվեցին եվրոպացի գեյմերները, որոնք իրենց հաղթանակի համար ստացան 1,5 միլիոն դոլար։ Այս մասին գրառում է կատարվել խաղի Twitter-ի պաշտոնական էջում։

Ինչ–որ առումով մրցաշարի ռեկորդակիր դարձավ նաև YouTube-ը, որովհետև այս տեսահարթակով ուղիղ հեռարձակվող եզրափակիչը դիտեցին աննախադեպ թվով օգտատերեր՝ 9 միլիոն։Այժմ եզրափակիչի դիտումների քանակը գերազանցում է 13 միլիոնը։

Հետևություն. գուցե ճիշտ չէ՞, որ ծնողներն իրենց երեխաներին արգելում են խաղալ համակարգչով։ Չէ՞ որ հնարավոր է` մի օր նրանցից մեկն էլ միլիոնատեր դառնա ընդամենը մկնիկի ձախ կոճակին ու ստեղնաշարի սլաքներին մի քանի անգամ չխչխկացնելուց հետո։

Նոր սմարթֆոնին կարելի է անվանել «Գոձիլա» կամ «Քինգ Քոնգ»

Սմարթֆոնների նոր արքան պատրաստ է։ Xiaomi-ի Black Shark խաղային ստորաբաժանումը ներկայացրել է գեյմերական նոր սմարթֆոն Black Shark 2 Pro-ն։ Ինչպես միշտ, ընկերության առաջարկած սմարթֆոնի կորպուսի գունային երանգները բազմազան են` ոչ միայն ավանդական սև ու արծաթագույն, այլև մանուշակագույն և նարնջագույն։

Սարքը ստեղծված է նորագույն Snapdragon 855 Plus միաբյուրեղ համակարգի հիման վրա։ Օպերատիվ հիշողությունը կամ, մեզ հասկանալի լեզվով ասած, ОЗУ-ն 12 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 128 կամ 256 ԳԲ։ Սրանից էլ կախված` գինը համապատասխանաբար 435 կամ 508 դոլար է։

Սմարթֆոնն ունի հովացման թարմացված համակարգ, որը միաբյուրեղ համակարգին թույլ է տալիս տևական ժամանակ աշխատել մաքսիմալ հաճախականությամբ։ AnTuTu թեստավորման միջոցով սարքը հավաքել է 500 000 միավոր, ինչը, իրոք, հիանալի արդյունք է։

Նորույթի վաճառքը Չինաստանում սկսվել է օգոստոսի 2-ից։

«Ա՜խ, սիրտս վատ է» ասողներին դուր կգա չինական նորույթը

Այնպես չէ, որ շուկան ամբողջությամբ Xiaomi-ն է պատկանում կամ էլ մենք նրանց գովազդելու միտում ունենք, բայց այն, ինչ անում է չինական ընկերությունը ինովացիոն ոլորտում, իսկապես ապշեցուցիչ է։

Հիմա էլ ընկերության կոլեկտիվային ֆինանսավորման հարթակում հայտնվել է տնային կարդիոգրաֆ։ Սարքը շատ փոքր է, կշռում է ընդամենը 33 գրամ և կարող է տեղավորվել պայուսակում և նույնիսկ գրպանում։ Դրա շնորհիվ էլ օգտատերը կարող է սրտային կծկումների հաճախականությունը չափել ամեն պահի և ամեն տեղ։

Դրա համար անհրաժեշտ է ընդամենը HiPee Smart ECG Wizard կոչվող սարքը սեղմել երկու ձեռքերի միջնամատներով ու ցուցամատներով։ Արդեն մի քանի վայրկյան հետո սարքը կտա թեստի արդյունքները։ Գաջեթը Bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին, այսինքն էլեկտրասրտագրի արձանագրած արդյունքը երևում է խելացի հեռախոսի էկրանին։

58 դոլար գնահատված սարքը պահպանում է բոլոր արդյունքները, այնպես որ դրանք հետագայում հնարավոր է ցույց տալ բժշկին։ Սարքը կարողանում է հայտնաբերել սրտի աշխատանքի խախտումները և զգուշացնել օգտատիրոջը, որ նա դիմի բժշկական օգնության։ Սարքի մարտկոցի մեկը լիցքավորումը հնարավորություն է տալիս կարդիոգրաֆն օգտագործել 2 ամիս շարունակ։


Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/world/20190803/19919384/ay-qez-ban-16-tarekan-milionatery-smartfon-hreshn-u-grpanum-texavorvox-srtagrichy.html